Armenian Articles

print

Հայրենադարձվողը ինչ-որ բան կորցնելու հոգեվիճակ չպիտի ունենա 2012-12-14

Հայրենադարձվողը ինչ-որ բան կորցնելու հոգեվիճակ չպիտի ունենա
14.12.12

Հայաստան-Սփյուռք շարքի շրջանակում զրուցեցինք Ազատ-Հայ Միջին Արեւելքի լրատվական կայքի հիմնադիր եւ խմբագիր, ինչպես նաեւ Արաբ Գրողների Միության եւ Դուբայի Լրագրական Ակումբի անդամ դուբայաբնակ մեր հայրենակից Հրաչ Քալսահակյանի հետ:

-Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ հատկապես վերջին երկու տարիներին ավելի շատ թվով սփյուռքահայեր հայրենադարձվեցին, քան, ասենք, մի հինգ տարի առաջ:

-Մեր ծանոթներեն կամ լրատվական միջոցներեն ստացած տեղեկություններուն համեմատ այդքան ալ մեծ չէ հայրենադարձներուն թիվը: Աղմուկը ավելի մեծ է, քան իրականությունը: Երբեմն հայրենադարձածներն իրենց անձնական օրինակին մասին այնքան շատ կը խոսին, որ ավելի մեծ շարժումի մը տպավորություն կը ձգեն: Մյուս կողմե` հայրենադարձներուն մասին որեւէ թվային տվյալ չկա` ոչ էլ սահմանում կա, թէ ով է հայրենադարձը:

-Իսկ ինչու՞ են մեծ աղմուկ հանում: Եւ Ձեր բնորոշմամբ` ո՞րն է հայրենադարձը:

-Աղմուկը մեծ է հավանաբար հոգեբանական պատճառներով: Ի վերջո բավական տարիներու երազն ու կարգախոսն է Հայաստանը որպես հայության մեկտեղման վայր ընդունիլը: Կա նաեւ լրատվական միջոցներու մակերեսային մոտեցումը այս հարցին, երբ անհատական սահմանափակ թվով օրինակները կը ներկայացվին որպես ընդհանուր երեւույթ:

Հայրենադարձ հասկացողությունը ներկա դարու մէջ այնքան ալ հստակ չէ բնորոշելը: Նույնիսկ անցյալ դարու կիսուն, երբ ունեցանք երկու հարյուր հազարեն ավելի հայրենադարձներ, անոնցմե կամ անոնց զավակներեն տոկոս մը, երբ առիթը ունեցավ հեռանալու, անմիջապես հեռացավ երկրեն: Ներկայիս գրեթե չկա այնպիսի ընտանիք, որ ընդմիշտ հայրենադարձ կարելի է նկատել: Եթե պետություն մը հաջողի հայրենադարձ մը պահել հայրենի հողին վրա, ըսենք նվազագույնը տասը տարի, այն ժամանակ կրնանք ըսել, որ հայրենադարձ քաղաքացի մը ավելցած պիտի ըլլա մարդահամարին մեջ: Ընտանիքներու պարագային ամենեն կարեւորը, ըստ ինձ, այն է, որ զավակները մաս կազմեն կրթական եւ ընկերային համակարգին եւ զգան, որ այլեւս այս նոր միջավայրը իրենց մշտական բնակութեան երաշխիքներ կապահովե:

-Մշտական բնակության նպատակով Հայաստան տեղափոխվող սփյուռքահայը ինչ է կորցնում եւ ի՞նչ պիտի շահի Հայրենիքում:

-Կը խորհիմ, թե եթե հայրենադարձը լավ կազմավորված անհատականություն ունենա, բան մը կորցնելու հոգեվիճակ չի ապրի, այլ անցյալի իր ունեցած կյանքի ամեն տեսակի փորձառություններուն վրա կարեւոր մեկ որակային եւ վճռական փորձառություն մը ավելցնելու հոգեվիճակ կապրի: Իր արած քայլը, լավ ծրագրված եւ գերագույն համոզումի արդյունք ըլլալու դեպքում, կրնա հարստացնել իր կյանքը որպես հայ եւ որպես անհատ: Իսկ Հայրենիքի շահը հայտնի է: Կը նմանի այն հաստատության, որուն աշխատակազմի աճով կրնա ստանձնել ավելի լայն դերակատարություն եւ ունենալ ավելի ծանրակշիռ ներկայություն: Վերջին հաշվով` քանակային եւ որակային արժեք կը ներկայացնե ամեն անհատ:

-Այս օրերին հայրենիք տեղափոխվող սփյուռքահայերը ինչ-որ կորստի զգացում ունենու՞մ են: Ինչ հոգեբանությամբ են գալիս այսօր:

-Եթե նյութապես ապահով վիճակով կուգան, ապա բնական է, որ հոգեբանական դրությունը տարբեր ըլլա: Անոնք նոյնիսկ կրնան փափուկ եւ աստիճանային հայրենադարձություն իրականացնել տարիներու ընթացքին կամաց-կամաց իրենց կենցաղային եւ աշխատանքային պայմանները ապահովելով Հայաստանի մեջ, մինչեւ վերջնական տեղափոխումը: Կրնան նույնիսկ պահպանել նախկին բնակավայրի հետ կապը, քանի որ այնտեղ պիտի ունենան ազգականներ եւ ծանոթներ: Իսկ ստիպողական պայմաններու տակ հայրենադարձները (ինչպես օրինակ իրաքահայեր քանի մը տարիներ առաջ) անշուշտ այլ հոգեվիճակ ունին եւ իրենց համար ավելի բարդ է` նոր միջավայրում որպես լիիրավ մասնիկ ընկալվելու առումով:

-Պարոն Քալսահակյան, թեեւ ունեք հետաքրքիր աշխատանք, շրջապատի մեջ հարգված մարդ եք, բայց, այդուհնդերձ, որքանով եք ունենում Օշականի նկարագրած Սփյուռքահայի տագնապները:

-Ամեն հանգրվան իր տագնապները ունի, եւ ամէն սփյուռքահայ իրեն հատուկ տագնապները (կամ մեղմ ասած մտահոգութիւնները) ունի: Կա, անշուշտ, հայ մնալու հարցը, որ սփյուռքահայերը կարտահայտեն տարբեր բառերով՝ հայապահպանում, հայակերտում եւ այլն, որուն հետ շատ անգամ կը զուգակցի պահանջատիրության եւ իրավունքի տեր կանգնելու խնդիրը՝ Ցեղասպանության ճանաչումի եւ հատուցումի կերպարանքով: Միջին Արեւելքի դեպքում, կա նաեւ կրոնական ինքնության պահապնման հարցը, որ իր դրոշմը կը դնե մեր կյանքի վրա: Կա նաեւ Հայաստանի հետ քայլ պահելու անհրաժեշտությունը` որպէս մշակույթ, հավաքականություն եւ պետականություն: Հայության պատկանելիության համար տարած աշխատանքներս պատմական արմատներես եկած թելադրանք կը նկատեմ:

-Մտածե՞լ եք Հայաստան տեղափոխվելու մասին:

-Շատ մը Միջին Արեւելքի հայերուն նման մտածած եմ հայրենադարձության մասին: Հայրենաբաղձության կողքին անշուշտ մարդ պէտք է նկատի ունենա ապրուստի պայմանները: Եթե հարմար գործ ըլլա, անշուշտ կուգամ եւ կը հաստատվիմ ես եւ փոքրիկ ընտանիքս: Տարիները կարծես շուտ կանցին, ու երբ փոքրիկները մեծանան, այլեւս իրենց պիտի փոխանցվի հայրենադարձ ըլլալու կամ չըլլալու հարցը: Երբեմն կես լուրջ, կես կատակ կըսեմ տիկնոջս, թէ կարծես Հայաստան պիտի երթանք թոշակառու դառնալեն հետո: Վերջերս ես ու տիկինս ստացանք Հայաստանի քաղաքացիություն: Մխիթարական կետը այն է, որ Էմիրություններու մէջ ապրելով` այնքան հեռու չենք Հայաստանեն: Տան մեջ հայախոս ենք եւ հայրենասիրությունը կը փոխանցենք հաջորդ սերունդին:

Slaq.am, 14 December 2013
http://www.slaq.am/arm/news/107352/


Slaq.am interviews Hrach Kalsahakian on repatriation issues (12 December 2012)

Repatriated persons to Armenia should not experience the feeling of loosing something


مقابلة مع هراتش كالساهاكيان بخصوص العودة إلى الوطن الأم أرمينيا

العائدون إلى الوطن يجب أن لا يساورهم شعور بفقدان شيء ما وإنما يجب تهيئة الظروف كي يشعروا بأنهم كسبوا شيئاً مهماً جداً.